ՔՊ-ական պատգամավորը հայտարարում է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, ապա, Միջազգային քրեական դատարանի որոշման համաձայն, կարող է կալանավորվել, քանզի Հայաստանն այդպիսի պարտավորություններ է ստանձնել, ու լավ կլինի, որ Պուտինը չգա Հայաստան։ Ըստ նույն պատգամավորի՝ Հայաստանը պետք է առանց Ռուսաստանի իր ճանապարհով գնա։
ՔՊ ղեկավարությունը չի արձագանքել իրենց խմբակցության պատգամավորի ասածներին, ինչից հետևում է, որ նրա ասածները «գլխավոր գծի» մեջ են ու խրախուսվում են։
Նման բառապաշարով միմյանց հետ շփվում են, օրինակ, Ռուսաստանի և ՈՒկրաինայի խորհրդարանների պատգամավորները։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, փաստորեն, վերածվում է երկրորդ ՈՒկրաինայի՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Այն, որ Փաշինյանը Հայաստանը մտցրել է հակառուսական ճամբարի մեջ, ակնհայտ է դառնում նաև ԱՄՆ-ի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» միջոցառմանը հրավեր ստանալուց, թեև Հայաստանը ժողովրդավարական համարելու համար պետք է կույր լինել։ Այդ միջոցառումը ոչ թե հանուն ժողովրդավարության է (դրան մասնակցում են նաև աֆրիկյան և աշխարհի այլ հատվածների ավտորիտար ռեժիմների որոշ ներկայացուցիչներ), այլ յուրօրինակ ձևով բաժանում է աշխարհը հակադիր ճամբարների։ Եթե ԱՄՆ-ի հետ ես ու ընդդեմ Ռուսաստանի, ուրեմն կարող ես նաև ժողովրդավարական համարվել՝ «Շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» տրամաբանությամբ։
ՈՒշագրավն այն է, որ այդ միջոցառմանը մեր հարևան պետություններից չեն հրավիրվել Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը։
Վրաստանը մասնակցում է «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին այդ երկրի նախագահի դեմքով, ով փաստացի իշխանություն չունի, ով հակադրվում է Վրաստանի կառավարության քաղաքականությանը, և ով կողմ է Վրաստանն Արևմուտքի ձեռքում հակառուսական մանրադրամի վերածելուն։
Միջոցառմանը, բնականաբար, չեն հրավիրված Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարները։
Բոլորի համար էլ պարզ է, որ «Հանուն ժողովրդավարության» հավաքն ընդդեմ Ռուսաստանի ստեղծված յուրօրինակ կոալիցիայի ցուցադրական ակցիա է։
Հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հրավեր ստացել ու ցանկալի անձ համարվել հակառուսական կոալիցիայի համար։ Այդ ի՞նչ է արել, անում և անելու Փաշինյանը, որ ընդունվել է որպես «Свой среди чужих, чужой среди своих»։
Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Փաշինյանի ձևավորած ՍԴ-ն օրերս ՀՀ սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Միջազգային քրեական դատարանի՝ ՄՔԴ-ի, Հռոմի կանոնադրությունն այն բանից հետո, երբ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում է կայացրել, ապա բացահայտ է դառնում, որ Փաշինյանը Ռուսաստանին հռչակել է թշնամի ու մեր երկիրը մտցրել հակառուսական դաշինքի մեջ։ Եվ այս ամենն այն դեպքում, երբ Արցախում ռուս խաղաղապահներն են կանգնած, ու հայ-թուրքական սահմանը պաշտպանվում է ռուսական զորքերի կողմից։
Ռուսաստանի դեմ ակնհայտ թշնամական քայլերի գնալը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին, որոնք շտապելու են օգտվել պաշտոնական Երևանի տված նվերից։ Սա բերելու է մեզ համար սարսափելի հետևանքների։
Փաշինյանը սեփական անվտանգության երաշխիքներն ու անձնական հաշվարկները վեր է դասել մեր երկրի անվտանգությունից։ Բայց որևէ մեկին պետք չէ մեղադրել։ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, մյուսներն իրենց շահերն ունեն և այդ շահերով են առաջնորդվում։ Ո՞րն է ՀՀ քաղաքացիների ու բովանդակ հայ ժողովրդի շահը հակառուսական քաղաքականություն վարելու և աշխարհաքաղաքական մանրադրամ դառնալու հարցերում։ Ցեղասպանություն տեսած, պետականություն կորցրած, հազարավոր զոհեր տված մեր ժողովուրդը կրկի՞ն ուզում է պատմության նույն դաժան էջերն ապրել։ Հանուն ու՞մ և ինչի՞։ Հարցերս ամենևին էլ հռետորական չեն։
Անդրանիկ Թևանյան